Սյունյաց պատմություններ-Արաքսի հովիտը և Մեղրին
· Մեղրի

Արաքս գետը և Մեղրիի հատվածում գտնվող նրա հովիտը Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր ու նշանավոր բնական համակարգերից են:
Այն անդրսահմանային գետ է, որի ավազանն ընդգրկում է Հայաստանի, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի տարածքները: Արաքսը սկիզբ է առնում Բյուրակնյան լեռներից բխող բազմաթիվ սառնորակ աղբյուրներից, որտեղ ջրերի ջերմաստիճանը չի գերազանցում 3-3,5 °C-ը:
Գետի ընդհանուր երկարությունը 1072 կիլոմետր է, որից 200 կիլոմետրը գտնվում է Հայաստանի տարածքում:
Մերձարաքսյան հարթությունում գետի լայնությունը հասնում է 30-130 մետրի, իսկ Մեղրուն մոտ կիրճերում՝ 6-7 մետրի, խորությունը՝ 3-4,5 մետր: Այն տարվա գրեթե բոլոր ամիսներին լինում է պղտոր և արագահոս (վայրկյանում՝ 1,5 մետր):
Օտարները հրաշք են համարում Արաքսի նշանավոր քարավազը (սահանքը Մեղրուն մոտ կիրճերում):
Մեղրիի մոտ գետին են մոտենում Զանգեզուրի և Ղարաբաղի լեռները, որոնք տեղ-տեղ ուղղակի կախված են գետահունի վրա: Սեղմված այդ լեռներով՝ Արաքսը հոսում է Մեղրիի հայտնի երկար ու խոր կիրճերով: Այստեղ Արաքսի ջրերը խելահեղ արագությամբ զարկվում են ափամերձ ժայռերին, փրփրում և սրընթաց վազում առաջ՝ մինչև Բարգուշատ և Հագարի գետերի խառնուրդը:

Ավարտվելով Մերձկասպյան դաշտավայրում՝ Արաքսը միանում է Կուրին և թափվում Կասպից ծով՝ տարեկան դեպի ծով տանելով 3 միլիարդ խորանարդ մետր ջուր:
Մեղրիում գտնվող «Արաքսի հովիտ»ը բնության հրաշք մի վայր է, որի տեղանքը հարմար է այգաբացի և մայրամուտի դիտարկման համար։
Տեղակայումը՝ Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, քաղաք Մեղրի, Արաքսի հովիտ։
Կոորդինատներ՝ 38.8953° N, 46.2421° E