Ճանաչենք Սյունիքի մարզի մեծերին - Կիմ Արզումանյան

· Գորիս

Ճանաչենք Սյունիքի մարզի մեծերին - Կիմ Արզումանյան

Կիմ Գուրգենի Արզումանյանը ծնվել է 1926 թվականի մարտի 31-ին Գորիսում։ 1944 թվականին գերազանց ավարտելով Երևանի Շահումյանի անվան թիվ մեկ դպրոցը՝ նա ընդունվում և 1949 թվականին ավարտում է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը՝ Վավիկ Վարդանյանի ղեկավարությամբ։ «Հասունության վկայական» պիեսի դիպլոմային բեմադրությունից հետո Արզումանյանը հրավիրվում է Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոն։ Առաջին իսկ բեմադրություններով (Յա. Գալան, «Սերը լուսաբացին», Ա. Մովզոն, «Մի խուլ նրբանցքում») Արզումանյանը հաստատուն տեղ ապահովեց մայր թատրոնում, որտեղ նրա հաջողված բեմադրություններից են Վ. Ս. Ռոզովի «Երեկոյից մինչև կեսօր»-ը (1971), Վ. Սարդուի և Է. Մորոյի «Մադամ Սան-Ժեն»-ը (1972), որը երկար տարիներ մնաց թատրոնի խաղացանկում։ Այնտեղ նա աշխատեց ռեժիսուրայի անվանի վարպետներ Արմեն Գուլակյանի, Լևոն Քալանթարի և Վարդան Աճեմյանի հետ։

1956-1957 թվականներին, երբ Հայաստանում հիմնադրվում էր հեռուստատեսությունը, Կիմ Արզումանյանը դարձավ էկրանի ռեժիսուրայի հիմնադիրներից մեկը և զբաղեցրեց դրամատիկական հաղորդումների խմբագրության գլխավոր ռեժիսորի, իսկ 1964-1971 թվականներին՝ հեռուստատեսության ստուդիայի գլխավոր ռեժիսորի պաշտոնները։ Հեռուստատեսությունում նա ծավալեց բեղմնավոր գործունեություն և իրականացրեց մի քանի տասնյակ բեմադրություններ, այդ թվում՝ Վ. Թոթովենցի «Արաբական բալլադը», Գ. Սարյանի «Իրանին», Գր. Զոհրապի «Փոստալը», Շիրվանզադեի «Արտիստը», Վ. Սարոյանի «Ֆրեզնո. սրճարան Արաքս» և այլն։ Բարձր գնահատման արժանացան Ֆր. Դյուրենմաթի «Ֆիզիկոսները» պիեսի էկրանավորումը։

Կիմ Արզումանյանի կենսագրության վառ էջ է կազմում «Սայաթ-Նովա» հայկական հեռուստատեսային առաջին գեղարվեստական կինոնկարը (սցենարը՝ Հր. Մուրադյանի), որը նվիրված էր մեծանուն երգչի ծնנդյան 250-ամյակին (1960)։ Հեռուստատեսային սուղ միջոցներով, դժվարին պայմաններում ռեժիսորը ստեղծեց մի այնպիսի մեծարժեք կտավ, որը տասնյակ տարիներ ի վեր իր պատվավոր տեղն է գրավում հայկական էկրանի ոսկե ֆոնդում։

Կիմ Արզումանյանը պատկառելի վաստակ ունի նաև Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի ստեղծագործական պատմության մեջ, որտեղ աշխատել է որպես գեղարվեստական ղեկավար։ Նա տարբեր տարիների բեմադրել է Ա. Սումարոկովի և Ստ. Ջրբաշյանի «Ես, իմ հարսնացուն և ...» օպերետը, Գ. Տեր-Գրիգորյանի «Իմ սիրելի ժորժ», Ա. Աղասարյանի «Խելահեղ օր» կատակերգությունները։

Ռեժիսորական պրակտիկ աշխատանքին զուգընթաց բեղմնավոր գործունեություն է ծավալել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, ուր նա մինչև կյանքի վերջը ղեկավարում էր բեմական խոսքի, բեմական շարժման և մենեջրի ամբիոնը։ Նա իր ռեժիսորական փորձն ու գիտելիքներն է հաղորդել նաև Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ուսանողներին։ Կիմ Արզումանյանի արվեստանոցն են ավարտել Ալլա Թումանյանը, Նելլի Խերանյանը, Զավեն Աբրահամյանը, Հովիկ Վանյանը, Անահիտ Ղուկասյանը, Արմեն Էլբակյանը, Թամար Հովհաննիսյանը, Մայրանուշ Գրիգորյանը, Էդուարդ Գասպարյանը, Ամիրան Արաքսմանյանը և այլք։ Հեռուստատեսությունում իրականացված գործերից են 1957 թվականին «Իրանի» (Գ. Սարյան), Կիմ Արզումանյանի բեմականացմամբ, 1957 թվականին «Բոռեր» (Ռ. Երիցյան), 1958 թվականին «Արտիստը» (Շիրվանզադե), Կիմ Արզումանյանի բեմականացմամբ։

Արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի (1964), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի պարգևների(1967) և Մովսես Խորենացի մեդալի(2001)։