Բացահայտիր Սյունիքը - Տաթև գյուղ

· Սյունիքի Մարզ

Բացահայտիր Սյունիքը - Տաթև գյուղ

Տաթևը Հայաստանի հնագույն բնակավայրերից և Sյունիքի մարզի Տաթև համայնքի գյուղերից է: Այն իրենից ներկայացնում է հմայք ունեցող, լավ պահպանված գյուղի եզակի օրինակ: Բլուրների վրա տեղակայված տները Հարավային Կովկասի գյուղական ճարտարապետության բնորոշ նմուշներ են:

​

​Գյուղը համաշխարհային ճանաչում ունի հիմնականում Տաթևի վանական համալիրի շնորհիվ, որը եղել է նշանավոր հոգևոր-մշակութային և խոշոր վանական կենտրոն: Տաթևում և նրա շրջակայքում են գտնվում.

  • ​Սուրբ Պողոս-Պետրոս (906 թ.) եկեղեցին,

  • ​Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (848 թ.) եկեղեցին,

  • ​Սուրբ Աստվածածին (1087 թ.) եկեղեցին,

  • ​10-րդ դարի ճոճվող հուշասյունը:

​Շրջակայքում կան բազմաթիվ հին գյուղատեղիներ, եկեղեցիներ, հին գերեզմանոցներ, ինչպես նաև հայտնի պատմամշակութային կառույցներ՝ «Սատանի» և Տաթևի (17-րդ դար) կամուրջները: Այստեղ է գտնվում նաև Հայաստանի բնության հրաշալիքներից մեկը՝ «Սատանի կամուրջը»։ ՀՀ կառավարության 2009 թվականի որոշմամբ Տաթև վանական համալիրը և հարակից համայնքները հայտարարվել են զբոսաշրջային կենտրոն:

​

​Գյուղի բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ, հացահատիկի, ծխախոտի և կերային կուլտուրաների մշակությամբ:

​Տաթևում պահպանվել են մի շարք ավանդական աշխատանքներ ու արհեստներ. տեղաբնակները բուրդ են գզում և հլիկով թել մանում, թոնրում լավաշ են թխում կամ հատուկ սարքերով օղի են թرում: Գարնանից մինչև աշուն մեղուների համար սնուցման հիմնական աղբյուրը ալպյան ծաղիկներն են, ինչի արդյունքում ստացվում է Տաթևի հայտնի մեղրը: Տեղում հավաքում են նաև վայրի խոտաբույսեր, չորացնում և օգտագործում բժշկական նպատակներով, իսկ ըմպելիքներից հայտնի են թանը, թարմ ուռգով պատրաստված թեին, Սատանի կամրջի հանքային ջուրը, մրգերից ու հատապտուղներից պատրաստված հյութերն ու տնական խմիչքը:

​

​Գյուղը գտնվում է Որոտան գետի աջ կողմում՝ բարձրադիր սարահարթի վրա, ծովի մակարդակից 1560-1660 մ բարձրության վրա: Հեռավորությունը Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքից կազմում է մոտ 50 կմ:

Աշխարհագրական կոորդինատներն են՝ 39°22′54″N 46°14′24″E:

​Տաթևն աչքի է ընկնում իր յուրահատուկ պատմամշակութային շունչով, անառիկ ու գեղատեսիլ բնությամբ, իսկ տեղացիներին բնորոշ է ավանդական հայկական հյուրասիրությունը, երբ գյուղացիները ջերմությամբ են ընդունում յուրաքանչյուր այցելուի իրենց տներում: