Շաքի համայնքում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կնոջ վիճակը միջին ծանրության է

Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած 38-ամյա կնոջ կյանքին վտանգ չի սպառնում, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է ԱՆ խոսնակ Մարիամ Ծատրյանը։
«Քաղաքացին ստանում է անհրաժեշտ բուժօգնություն, գտնվում է բժիշկների հսկողության տակ, կյանքին վտանգ չի սպառնում», – նշել է նա։
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի մեկին, ադրբեջանցի զինծառայողը Շաքիում ոտքից վիրավորել է երեք երեխաների մայր 38-ամյա կնոջը։
Ըստ մամուլում առկա տեղեկությունների, կինը, մտնելով տուն, տեսել է այնտեղ օտար տղամարդուն, որը խոսել է ադրբեջաներեն։ Շաքիի բնակիչը դանակով դիմել է ինքնապաշտպանության, ադրբեջանցին, ըստ ամենայնի, նույնպես վիրավորում է ստացել, վերջինիս ձերբակալել են։
Դեպքին վերաբերյալ հաղորդագրություն է տարածել ԱԱԾ-ն․ «Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։ Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։ Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։ ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ»։