Գորիսում շարունակվում են բնակարանաշինության և բարեկարգման աշխատանքները. Գորիսի համայնքապետարան
· Գորիս

Գորիսում շարունակվում են բնակարանաշինության և բազմաբնակարան շենքերի արդիականացման աշխատանքները
Գորիսի համայնքում շարունակվում են բնակարանաշինության, բնակֆոնդի ընդլայնման և բազմաբնակարան շենքերի արդիականացմանն ուղղված ծրագրերը։
Վերջին 9 տարիների ընթացքում ավելի քան 150 ընտանիք ստացել է իր բնակարանի բանալին։ Բնակարանաշինության և բնակֆոնդի ընդլայնման ծրագրերի հիմքում դրված է կարևոր նպատակ՝ Գորիսում անօթևան ընտանիքների թվի նվազեցումն ու բնակարանային պայմանների բարելավումը։
Գետափնյա թաղամասի բազմաբնակարան շենքերում կառուցվում են մանսարդային հարկեր, իրականացվում են շենքերի հիմքերի և կրող կոնստրուկցիաների ամրացման, ինչպես նաև սեյսմակայունության բարձրացմանն ուղղված աշխատանքներ։ Բնակարանները բնակիչներին հանձնվում են ամբողջությամբ վերանորոգված և անհրաժեշտ բոլոր հարմարություններով։ Ծրագրի արդյունքում ևս 8 ընտանիք կստանա իր բնակարանի բանալին։
Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Գորիսի համայնքապետարանի համագործակցությամբ։
Միաժամանակ, համայնքի տարբեր հատվածներում շարունակվում են ճանապարհաշինական և բարեկարգման աշխատանքները։
Ակներ բնակավայրում հիմնանորոգվում են ճանապարհները, վերակառուցվում են մայթերը և բարեկարգվում ենթակառուցվածքները։
Համայնքապետարանի առաջնահերթություններից է համայնքի բոլոր բնակավայրերում բնակիչների համար բարեկարգ, անվտանգ և արժանապատիվ կենսամիջավայրի ապահովումը՝ անկախ բնակավայրի կարգավիճակից։
Աշխատանքներն իրականացվում են Սյունիքի մարզպետարանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Գորիսի համայնքապետարանի համագործակցությամբ։
Բնակֆոնդի ընդլայնման, բնակարանների կառուցման և վերականգնման, ճանապարհների ու մայթերի հիմնանորոգման և համայնքային ենթակառուցվածքների բարեկարգման ծրագրերը շարունակական են։
Գորիսի համայնքի համաչափ և կայուն զարգացման նպատակով աշխատանքները շարունակվում են համայնքի բոլոր բնակավայրերում։