Բացահայտիր Սյունիքը-Ալան թագավորի եկեղեցի

· Սյունիքի Մարզ

Բացահայտիր Սյունիքը-Ալան թագավորի եկեղեցի

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Հարժիս գյուղից 2 կմ հարավ-արևելք, Որոտան գետի ձախափնյա ձորալանջին, Քրոնք գյուղատեղին, հնում մտնում էր Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Ծղուկ գավառի մեջ: Գյուղատեղիի արևմտյան եզրին գտնվող եկեղեցին ըստ ավանդույթի, բայց առանց գիտական հիմնավորման ժողովրդի կողմից կոչվում է Ալան թագավորի եկեղեցի:

​Կառուցված է սրբատաշ քարերով, ունեցել է կամարներ: Պահպանվել է արևի ժամացույցը: Կիսավեր վիճակում է: Շինությունը հատակագծային և ճարտարապետական առանձնահատկություններով հիշեցնում է դամբարան-եկեղեցի: Եկեղեցին փոքրիկ կիսավեր շինություն է, կառուցված սրբատաշ բազալտից, արևմուտքից կից է բաց կամարաշարով գավիթը, արևելյան կողմում խորանն է, հարավային ճակատին բացվում է փոքր պատուհան: Գավիթում կան 13-14-րդ դարերի չորս խաչքար, որսի տեսարանով սեղանաձև՝ երկթեք ավարտով մի տապանաքար, որը Օրբելյաններից մեկի տապանաքարն է (1326 թ.):

​Արձանագրություններից երևում է, որ վախճանվածը երիտասարդ էր: Անունը կարդացվել է «Ալն»: Ըստ ավանդույթի՝ «Ալան թագավոր»: Արձանագրությունը Ազգագրական հանդեսում հրապարակվել է Է. Լալայանի և Դիվան հայ վիմագրության 2 հատորում Ս. Բարխուտարյանի կողմից: Վերջինս գտնում է, որ ավելի հավանական է նաև անվանումը: Թագավորի մասին բացարձակ խոսք չկա, այն ժողովրդի մեջ առաջացել է ընդամենը Արտաշես Ա-ի և Սաթենիկի մասին ավանդազրույցից, քանի որ Սաթենիկը ալանների թագավորի դուստրն էր իսկ դա մեր թվարկությունից առաջ 200-160 թթ. մասին է և ոչ մի կապ չունի մեր թվարկության 14-րդ դարի հետ:

​Տեղակայումը՝ Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Հարժիս գյուղից 2 կմ հարավ-արևելք, Որոտան գետի ձախափնյա ձորալանջ (Քրոնք գյուղատեղի)

Կոորդինատներ՝ 39°25′07″N 46°14′26″E