Կապանում անցկացված «Սպորտլանդիա»-ում հաղթեց թիվ 7 ՆՈՒՀ-ը. Կապանի համայնքապետարան

· Կապան

Կապանում անցկացված «Սպորտլանդիա»-ում հաղթեց թիվ 7 ՆՈՒՀ-ը. Կապանի համայնքապետարան

Կապանի համայնքապետարանից հայտնում են, որ առողջ ապրելակերպը խթանելու, ծնող-մանկապարտեզ-համայնք համագործակցությունը ամրապնդելու, թիմային համախմբվածություն և առողջ մրցակցություն ձևավորելու նպատակով՝ Կապանի համայնքապետարանի նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին Դավիթ Համբարձումյանի անվան մարզադպրոցում անցկացվում է Կապան համայնքի ՆՈՒՀ-երի ծնողների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառումը։

Այս տարի ևս մրցումներին ակտիվորեն ներգրավվել և մեծ ոգևորությամբ մասնակցել են 150 ծնող։

Նրանք իրենց մարզական պատրաստվածությունը ցուցադրել են 4 մրցաձևերում՝ խաղային փոխանցավազք, փոխանցավազք ցատկապարանով, անցում մարմնամարզական օղակների միջով, բասկետբոլի գնդակի տուգանային նետում։

Մոտ 5 ժամ տևած լարված ու թեժ մրցապայքարի արդյունքում ձևավորվել է հաղթողների եռյակը։ Պատվավոր առաջին հորիզոնականը երկրորդ տարին անընդմեջ զբաղեցնում է Կապանի թիվ 7 ՆՈՒՀ-ը/59 միավոր/, երկրորդ տեղը գրավել է թիվ 8 ՆՈՒՀ-ը/52 միավոր/, իսկ եռյակը եզրափակել է Կապանի թիվ 2 ՆՈՒՀ-ը/42 միավոր/։

Առաջին երեք առավելագույն միավորներ հավաքած թիմերին համապատասխան կարգի մեդալներով, հավաստագրերով, գավաթներով և համայնքի ղեկավարի կողմից սահմանված 300 000, 100 000 և 50 000–ական դրամական խրախուսանքով պարգևատրել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը։