Բացահայտիր Սյունիքը - Աղջկա բերդ (Կապույտ բերդ)

Աղջկա բերդը սովորական ամրոց չէ և չի տեղավորվում միջնադարյան բերդ-ամրոցների մասին դասական ձեւակերպումների ու պատկերացումների մեջ։ Դա բնական, նաեւ ձեռակերտ ամրոցների մի ամբողջություն է, որի կենտրոնում՝ բարձրադիր վայրում միջնաբերդն է, որին էլ Աղջկա բերդ են անվանում։ Բերդ-ամրոցների արեւմտյան կողմն ուղղաձիգ եւ հսկայական ժայռ է, որը թույլ կապույտ գույն ունի։ Բնության մեջ հազվադեպ հանդիպող այդ գույն-երեւույթի պատճառով է հավանաբար բերդը կոչվում նաեւ Կապույտ բերդ։ Բերդ-ամրոցների արեւելյան պատնեշը նույնպես ուղղաձիգ ժայռերի շղթա է, որի միջով ջրանցք կամ ոռոգիչ առու էր կառուցված, իսկ կիրճում կան բազմաթիվ կառույցներ՝ քարանձավներ, թոնիրներ, պահոցներ, գաղտնարաններ, սառնարաններ։
Բուն միջնաբերդը հյուսիսային եւ հատկապես հարավային ու արեւմտյան մասերից անմատչելի է մարդու համար։ Միջնաբերդ կարելի է մտնել միայն հյուսիս-արեւելյան մասից, որն ամրացված է հաստ եւ ամրակուռ՝ հղկված քարերով շարված ու առ այսօր կանգուն պատով։
Աղջկա բերդը դարեր շարունակ եղել է Սյունյաց աշխարհի Հաբանդ գավառի հարավ-արեւելյան դարպասը։ Ամրոցի ստորոտով հոսում է գետակ՝ ձեւավորված Հին Խնձորեսկի աղբյուրների ջրերից, որոնց խառնուրդն անցնում է բերդի ստորոտով և հարավում միախառնվում Որոտանին։
Լեգենդը պատմում է, որ մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ առաջաձորցիները և Աճանանի բնակիչները ամրանում էին Աղջկա բերդում։ Նրանց գլխավորում էր Սյունյաց Սահակ իշխանը։ Ասում են, որ Սահակն ունեցել է Անուշ անունով մի գեղեցկուհի աղջիկ, որի գեղեցկության համբավը հասել էր մոնղոլ խանին ու գրգռել նրա ախորժակը։ Խանը ցանկանում էր տիրանալ Անուշին, բայց Անուշը պաշտպանվում է բերդի անառիկ պարիսպների ներսում։ Պաշտպանները քարկոծում ու նետահարում էին մոնղոլներին։ Այդ ժամանակ խանը դիմում է խորամանկության՝ պատգամավոր ուղարկելով Սահակ իշխանի մոտ ու խնդրելով Անուշի ձեռքը՝ դրա դիմաց խոստանալով ոչ միայն հեռանալ ամրոցից, այլեւ ընդհանրապես չանհանգստացնել հայերին։ Հակառակ դեպքում խանը սպառնում է գրավել բերդը և սրի քաշել բոլորին։
Սահակ իշխանը հայտնվում է անելանելի դրության մեջ, քանի որ հացի պաշարը սպառվում էր, և մարդիկ մեռնում էին սովից։ Այնուամենայնիվ, նա մերժում է առաջարկը՝ հույսը դնելով Աստծո հրաշքի վրա և նախընտրելով կռիվն ու պայքարը։ Ինքը՝ Անուշն էլ կռվում էր բերդի պաշտպանների շարքում։ Բայց սովը ամենազոր էր, և մարդիկ ավելի շատ մեռնում էին ոչ թե կռվում, այլ սովից։ «Եվ այս բոլորի մահվան պատճառը ես եմ»,— մտածում է աղջիկը, ու մի օր՝ լուսաբացին, բարձրանում է ժայռի գագաթն ու բոլորի աչքի առջև իրեն ցած նետում։ Դա տեսնում է նաև թշնամին, լուրը հասնում է խանին, և նա հրամայում է գտնել աղջկա մարմինը։ Մոնղոլ զինվորները փնտրում, սակայն չեն գտնում Անուշի մարմինը։ Հիասթափված երկարատև պաշարումից և Անուշին կորցնելուց՝ խանը թողնում է պաշարումն ու հեռանում Աճանանից։
Բայց մայր երկրի սաղարթախիտ անտառը, որ տարածված էր ժայռից ներքև, իր սաղարթներում աղջկան պահել էր անվնաս։ Լեգենդը ասում է, որ հենց այդ օրվանից բերդը կոչվեց Աղջկա բերդ, և այդ ժամանակից շրջակայքում նոր ծնված բազմաթիվ աղջիկների կնքեցին Անուշ անունով։
Տեղակայումը՝ Սյունիքի մարզ, Կապանի տարածաշրջան, Ծավ գյուղից մոտ 2 կմ հարավ՝ սարի գագաթին (հիշատակվում է նաև Հին Խնձորեսկի հարևանությամբ)։
Կոորդինատներ՝ 39°12'N 46°25'E
Լուսանկարը `Սյունիքի մարզի հուշարձանները