Բացահայտիր Սյունիքը - Ագարակ (Վնսար)

Ագարակ Վնսարը, որը տեղացիներն անվանում են նաև «Խաչի խութ», Վանասար և Վանքասար, գտնվում է Սյունիքի մարզում։
Բլրի վրա պահպանվել են եկեղեցու պատերը, մի քանի գերեզմանաքարեր և տների պատեր։
Խաչքարերից մեկի պատվանդանի 18 տողանի արձանագրությունում տեղանքի անունը նշվում է Վնսար (Վանասար, Վանքասար)։
Այդ արձանագրության համաձայն՝ Տարսայիճ Օրբելյանը 13-րդ դարի վերջին այս ագարակը նվիրել է վարպետ Սիրանեսին՝ առանց վարձատրության եկեղեցի կառուցելու նպատակով։
1273 թվականին Ստեփանոս Օրբելյանի երկը տեղեկացնում է, որ մահացել է Սմբատ իշխանը՝ Տարսայիճ Օրբելյանի ավագ եղբայրը։ Քանի որ Սմբատ իշխանը երեխաներ չուներ, նա որդեգրում է Ստեփանոսին, որը Տարսայիճի եղբոր որդին էր, և որոշում է կրթության տալ ու պատրաստել հոգևոր ծառայության։ Այդ Ստեփանոսը նույն ինքը Ստեփանոս Օրբելյանն էր։ Սկզբում աճյունը տեղափոխում են Ամաղու Նորավանք և դնում հայրենի տապանատանը՝ տոհմական գերեզմանոցում, սակայն որոշ ժամանակ անց Տարսայիճ Օրբելյանն իր եղբոր համար կառուցում է դամբարանատուն և աճյունը տեղափոխում այնտեղ։ Դամբարանի արևմտյան մուտքի ճակատին առկա արձանագրության մեջ Տարսայիճ Օրբելյանը նշում է, որ այն կառուցել է իր եղբոր՝ «Սմբատ արքայի» համար 1275 թվականին. Եկեղեցու հյուսիսային պատի վրա կա մի արձանագրություն, ըստ որի՝ Տարսայիճ Օրբելյանի ցանկությամբ եկեղեցին կառուցել է Սիրանես ճարտարապետը, ինչի դիմաց նրան հայրենի կալվածք է հատկացվել Հալիձոր և Շինուհայր գյուղերի տարածքից, ինչից էլ գալիս ենք այն եզրակացության, որ Սիրանեսը ծնվել է Հալիձորում։
Վնսար ագարակի տարածքում՝ դեպի հարավ-արևմուտք, կա ևս մեկ խաչքար, որի ճակատային հատվածի արձանագրությունում ասվում է. «ԿԱՄԱԻՆ ԱԾ ԵՍ ՀԱԶԱՐՄԷԼ ՈՒ ՍԻՐԱՆԷՍ ԿԱՆԿՆԵՑԻՆՔ ԶԽԱՉՍ ՀՕՐՆ ՄԵՐՈ ԳՈՔԱ ՄՕՐՆ ՄԵՐՈ ԹԷՆԻԿԱ».
Տեղակայում և կոորդինատներ՝ Սյունիքի մարզ, Հալիձոր գյուղից 1.2 կմ դեպի հյուսիս-արևելք, Շինուհայր տանող ճանապարհից դեպի աջ, բլրի վրա (տեղացիների մոտ հայտնի որպես «Խաչի խութ» կամ Վնասար).