Բացահայտիր Սյունիքը-Հին Քարաշենի Յերի Խաչ (Սուրբ Գևորգ) եկեղեցին

Հին Քարաշենի Յերի Խաչ սրբավայրը (Սուրբ Գևորգ եկեղեցի), որը թվագրվում է XVIII դարին, տեղացիների շրջանում առավել հայտնի է պարզապես «Խաչ» անվանումով։ Չնայած իր կառուցվածքով այն ավելի շատ մատուռ է հիշեցնում, տարածաշրջանի ամենանշանավոր ու հարգի նվիրական վայրերից մեկն է։
Այս սրբատեղին ունի իր ավանդական ծեսերն ու սովորույթները։ Մատաղի արարողության համար այստեղ ժամանող հավատավորները մատաղացու կենդանու կամ թռչնի միսը պատրաստում են մոտ 100 մետր հեռավորության վրա բխող հայտնի «Վըզանին ճուր» աղբյուրի ջրով։
Եկեղեցու հիմնադրման մասին տեղացիների շրջանում պահպանվել է մի հետաքրքիր ավանդապատում․
«Մի օր հովիվներից մեկը ձորի եզրին նկատում է մի եղնիկ, որն աղբյուրից ջուր խմելուց հետո մնում է անշարժ։ Չնայած հովիվը շների հետ միասին մեծ աղմուկ է բարձրացնում, կենդանին տեղից չի շարժվում։ Նախապաշարված գեղջուկն իսկույն վազում է գյուղ՝ աղաղակելով, թե աստված քարաշենցիներին մատաղ է ուղարկել և պետք է շտապ վերցնել այն։ Գյուղացիները հավաքվում են, բռնում եղնիկին, մորթում ու մատաղ անում։ Այնուհետև այն անշարժ տեղում, որտեղ կանգնած էր կենդանին, կառուցում են այս մատուռը»։
Տեղակայումը. Սյունիքի մարզ, Տեղ համայնք, Հին Քարաշեն, «Խաչին խութ» կոչվող բարձունք
Կոորդինատներ 39°32'24"N, 46°24'29"E
Լուսանկարը `Միքայել Հակոբյանի