Բացահայտիր Սյունիքը - Մասրուցի ջրվեժ

Մասրուցի ջրվեժը գտնվում է Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզում, Մասրուց գետի վրա։

Այս գեղատեսիլ բնական հուշարձանը սնվում է Մասրուց գետակից, որն իր սկիզբն է առնում Մեղրու լեռնաշղթայի լանջերից և, անցնելով շուրջ 12 կմ ճանապարհ, աջից միախառնվում է Ծավ գետին։
Տեղաբնիկների շրջանում ջրվեժը հայտնի է նաև «Չռչռ» անվամբ, իսկ մասնագիտական ու զբոսաշրջային գրականության մեջ այն հաճախ հանդիպում է նաև որպես Ծավի ջրվեժ կամ Մագրայի ջրվեժ։
Ջրվեժն աչքի է ընկնում իր վայրի գեղեցկությամբ, որտեղ ջրային շիթերը բարձրությունից գահավիժում են նեղ ժայռային կիրճի միջով՝ ստեղծելով տպավորիչ տեսարան հատկապես առատ տեղումների և ձնհալի շրջանում։

Այն հիանալի ուղղություն է էկոտուրիզմի և արշավների սիրահարների համար, քանի որ գտնվում է Սյունիքի խիտ անտառներով ու ժայռոտ լանդշաֆտներով հարուստ հատվածում։
Կոորդինատներ. 39.049444, 46.438889։