Ճանաչենք Սյունիքի մարզի մեծերին - Ռուբեն Հովսեփի Յոլյան

· Սյունիքի Մարզ

Ճանաչենք Սյունիքի մարզի մեծերին - Ռուբեն Հովսեփի Յոլյան

Ռուբեն Հովսեփի Յոլյանը ծնվել է 1894 թվականի հունիսի 6-ին Գորիսում (Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն), մահացել՝ 1955 թվականի հուլիսի 1-ին Երևանում (Հայկական ՍՍՀ, ԽՍՀՄ): Նա հայ հանրահայտ վիրաբույժ էր, բժշկական գիտությունների դոկտոր (1936 թվական), պրոֆեսոր (1936 թվական), ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ (1946 թվական), ինչպես նաև Երևանի պետական բժշկական ինստիտուտի ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնի վարիչ:

Նա հանդիսանում է Հայաստանում արյան փոխներարկման գիտահետազոտական ​​ինստիտուտի հիմնադիրը, իսկ ԵՊԲՀ-ում նրա անունով սահմանված է անվանական կրթաթոշակ առաջադեմ ուսանողների համար:

​1919 թվականին ավարտել է Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետը: 1934 թվականից ղեկավարել է Երևանի բժշկական ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության, իսկ 1935 թվականից՝ ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնները: Հայրենական մեծ պատերազմի (1941-1945 թվականներ) տարիներին եղել է Երևանի տարհանման հոսպիտալների խորհրդատուն: 1932-1955 թվականներին ղեկավարել է Մոսկվայի արյունաբանության և արյան փոխներարկման կենտրոնական ինստիտուտի Երևանի մասնաճյուղը (1947 թվականից՝ Արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտ, որը 1955 թվականից կոչվում է Ռուբեն Յոլյանի անունով): 1946-1955 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր, ԽՍՀՄ վիրաբույժների ընկերության նախագահ (1937-1954 թվականներ), վիրաբույժների համամիութենական ընկերության վարչության և վիրաբույժների միջազգային ազգային ընկերակցության (1953-1955 թվականներ) անդամ:

​Նրա գիտական աշխատանքները վերաբերում են արյան փոխներարկմանը, կլինիկական վիրաբուժությանը, վնասվածքաբանությանը, ուռուցքաբանությանը, անեսթեզիոլոգիային, երկրամասային ախտաբանությանը, վարակված վերքերի և վիրաբուժական վարակների սուլֆանիլամիդային պատրաստուկներով բուժմանը, վնասվածքային շոկի, ինչպես նաև նյարդային համակարգի սնուցող ֆունկցիայի պարզաբանման խնդիրներին:

​Ի հիշատակ նրա՝ Գորիսի փողոցներից մեկը և քաղաքային հիվանդանոցը կոչվել են Ռուբեն Յոլյանի անունով:

​Գրական ժառանգության և հրատարակված աշխատությունների թվում են՝

  • ​«Ռազմադաշտային վիրաբուժության համառոտ ձեռնարկ» (Երևան, 1934 թվական)

  • ​«Արյան փոխներարկում» (Երևան, 1936 թվական)

  • ​«Պենիցիլինի կիրառումը խิիրուրգիայում» (Երևան, 1955 թվական)

  • ​«Лекции по частной хирургии» (1955 թվական)

  • ​«Сборник научных трудов» (Երևան, 1960 թվական)