Բացահայտիր Սյունիքը-Բնունիս

Բնունիսը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում գտնվող գյուղ է, որի պատմական անունը Բնունիք է, իսկ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում կոչվել է Պնունիս:
Գյուղն աչքի է ընկնում իր հարուստ պատմամշակութային ժառանգությամբ և հինավուրց հիշատակումներով։ Այն մտել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Ծղուկ գավառի կազմի մեջ, և Բնունիքի մասին առաջին հիշատակումները վերագրվում են 906 թվականին, երբ սյունյաց իշխան Սմբատը Տաթևի վանքի կառուցման ավարտի կապակցությամբ այս գյուղը նվիրել է վանքին: Գյուղը վերաշինվել է 1866 թվականին Ախլաթյանի և Նախիջևանի Լաքաթաղ գյուղերից տեղափոխված բնակիչների ձեռքով։ Բնունիսը բավականին հարուստ է պատմական հուշարձաններով. հյուսիսարևմտյան ծայրի գերեզմանատանը պահպանվել են 1321 թվականին կանգնեցված Օրբելյան իշխանի մահարձանը և Մանկիկ իշխանին նվիրված հուշարձանը, իսկ շրջակայքում կան մի քանի գյուղատեղիներ ու գերեզմանոցներ։ Տեղացիներն աչքի են ընկնում աշխատասիրությամբ, հյուրընկալությամբ և հողին ու պատմությանը նվիրվածությամբ, իսկ գյուղի բնակիչների հիմնական զբաղմունքը ներառում է անասնապահությունը, ծխախոտագործությունը, հացահատիկի մշակությունը և մեղվաբուծությունը։
Տեղակայումը
Գտնվում է Որոտանի աջակողմյան վտակ Սիսիան գետի օժանդակ Այրիգետի ձախ կողմում, բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 1760-1860 մետր, հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 114 կմ, իսկ Սիսիան քաղաքից հեռու է 8 կմ դեպի հարավ։
Կոորդինատներ՝ 39°26′40″N 46°00′21″E