Բացահայտիր Սյունիքը-Լեռնաձորի (Քրդիկանց) Սուրբ Աստվածածին եկեղեցին

Լեռնաձորի (Քրդիկանց) Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում պատմական Քրդիկանց բնակավայրում։
Քուրդիկ իշխանը կառուցել է Սուրբ Աստվածածին եկեղեցին: Հուշարձանը նորոգվել է 1661 թվականին: Խորհրդային տարիներին այն ծառայել է տարբեր նպատակներով՝ վերածվելով պահեստի, և երկար տարիներ չի ենթարկվել որևէ հիմնարար նորոգման կամ վերականգնման:
1958 թվականին գյուղը տեղափոխվել է հարավ-արևելք՝ ներկայիս Լեռնաձոր, և եկեղեցին մնացել է որպես հին բնակավայրի միակ կենդանի վկան:
2022 թվականի մայիսից, նվիրատվական պայմանագրի հիման վրա, հնագետ Մելինե Սիմոնյանի ղեկավարությամբ սկսեցին պեղման և մաքրման աշխատանքներ եկեղեցու ներսում ու շրջակայքում: Ուսումնասիրությունների արդյունքում կառույցն ամբողջությամբ մաքրվեց հողաշերտերից, բուսածածկույթից, բացվեցին արտաքին պատերը և սվաղված հատակը: Շրջակայքում հայտնաբերվեցին հինգ մանկական և մեկ հասուն անհատի թաղումներ, օջախ, հորերում պահպանված ուշ միջնադարով թվագրվող կավանոթների ու չնարակված ափսեների բեկորներ, մանր և խոշոր եղջերավոր կենդանիների ոսկորներ, եկեղեցական գույքի մասեր, արծաթե գլխազարդի հատված, իսկ ներսույթի վառված հորերում՝ թելեր ու վարագույրի ծոպեր:
Մեկ տարվա ընթացքում իրականացված վերականգնողական աշխատանքների շնորհիվ 2023 թվականի սեպտեմբերի 9-ին Քրդիկանց Սուրբ Աստվածածին եկեղեցին վերաօծվեց՝ երկրորդ կյանք ստանալով և դառնալով տոնական ու սիրված սրբավայր Լեռնաձորի բնակիչների համար:
Տեղակայումը
Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Քաջարան քաղաքից 4 կմ արևելք։
Կոորդինատները՝ 39°09′12″N 46°12′02″E