Ճանաչենք Սյունիքի մարզի մեծերին- Բաղդասար Արզումանյան

· Սյունիքի Մարզ

Ճանաչենք Սյունիքի մարզի մեծերին- Բաղդասար Արզումանյան

Բաղդասար Հայրապետի Արզումանյանը հայ ճարտարապետության և շինարարության երևելի վարպետներից է, ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1966 թ.): Ծնվել է 1916 թվականի հունվարի 1-ին Զանգեզուրի գավառի Բորիսովկա (այժմ՝ Ծղուկ) գյուղում: Կյանքից հեռացել է 2001 թվականի նոյեմբերի 19-ին (կամ 20-ին) Երևանում:

​Սկզբնական կրթությունը ստացել է գյուղի դպրոցում, ապա ավարտել Երևանի Ա. Թամանյանի անվան շինարարական տեխնիկումը: Աշխատանքային առաջին քայլերն անելով N 3 ճարտարապետական արվեստանոցում (Միքայել Մազմանյանի և Հովհաննես Մարգարյանի ղեկավարությամբ)՝ 1938 թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը:

​Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերից զորակոչվել է բանակ. եղել է հրետանու վաշտի, մարտկոցի հրամանատար: Մասնակցել է Կալինինի, Բելառուսիայի, Մերձբալթիկայի ազատագրմանը և Քյոնիգսբերգի գրավմանը՝ արժանանալով մի շարք մարտական շքանշանների: 1946 թվականին զորացրվելուց հետո ուսումը շարունակել և ավարտել է պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետում:

​Բաղդասար Արզումանյանն իր ստեղծագործական ուղին սկսել է 1950 թվականից: 1958-ին նշանակվել է նորաստեղծ «Երևաննախագիծ» ինստիտուտի N1 ճարտարապետական արվեստանոցի ղեկավարի պաշտոնակատար (ղեկավար՝ Գրիգոր Աղաբաբյան), իսկ 1978 թվականից գլխավորել է նույն ինստիտուտի «Մոմիկ» ստեղծագործական խումբը:

​Արզումանյանի ճարտարապետական վաստակը բազմաշերտ է ու ծավալուն: 1950-ականների վերջում ակադեմիկոս Հովհաննես Մարգարյանի հետ նախագծել է Կիրովականի (Վանաձոր) «Գուգարք» հյուրանոցը: 1959-ին նրա նախագծով իրականացվել է Երևանի ՄՍԳԻ-ի (Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ) համալիրը, 1968-ին՝ «Էրեբունի» թանգարանը (Շմավոն Ազատյանի հետ ), ինչպես նաև Երևանի կոնյակի գործարանի լցման արտադրամասի նոր մասնաշենքը:

​Անգնահատելի է նրա ավանդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական կերպարի կերտման գործում: Նրա նախագծով են կառուցվել Վանատուն-հյուրանոցը (1966 թ.), «Սփյուռք» հուշակոթողը (1988 թ.), խաչքար (1991 թ.), Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը (1980 թ.), ինչպես նաև ձևավորվել են Կաթողիկոսարանի սրահները:

​Հեղինակել է Երևանի Նոր Նորք թաղամասի Սուրբ Սարգիս, Սուրբ Երրորդություն, Ներքին Դվինի Սուրբ Հարություն, Սպիտակի Սուրբ Հարություն, Գյումրիի Սուրբ Հակոբ, Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի Սրբոց Նահատակաց եկեղեցիները, Սևանի Վազգենյան դպրանոցի Սուրբ Հակոբ մատուռը, Սպիտակի եկեղեցին, Օդեսայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և Սանկտ Պետերբուրգի Ս. Կատարինե եկեղեցու Ս. Սեղանը (1993 թ.):

​Նախագծել է Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձաններ Սիսիանի Բարձրավան, Գորիսի Վերիշեն գյուղերում և Սամարղանդ քաղաքում, Սանկտ Պետերբուրգում կառուցված նահատակաց հուշարձանը: Իրականացրել է Մեսրոպ Մաշտոցի դամբարանի վերակառուցումը, Օշականի հայ դպրության թանգարանի կառուցումը, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի տապանաքարի նախագծումը:

​Ճարտարապետությունից զատ՝ Բաղդասար Արզումանյանը հեղինակել է Մայր Աթոռի կիրառական արվեստի բացառիկ նմուշներ՝ Մեսրոպյան ոսկե այբուբենը, Ոսկե մեծ խաչը, Հայաստանի ոսկե զինանշանները, Մայր տաճարի ոսկե մանրակերտը, կաթողիկոսական պանագեները, լանջախաչերն ու գավազանները: Նա նաև հեղինակել է Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Սահակ-Ս. Մեսրոպ և Ս. Ներսես Շնորհալի շքանշանները:

​Անբասիր վաստակի համար արժանացել է «Տարվա լավագույն կառույց» համամիութենական մրցույթի դափնեկրի կոչման, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի ոսկե մեդալի (1989 թ.՝ Երևանի կոնյակի գործարանի լցման արտադրամասի նախագծման համար) և Հայ եկեղեցու Ս. Գրիգոր Լուսավորիչ շքանշանի (1997 թ.):