Բացահայտիր Սյունիքը- Հին Խոտ գյուղատեղի

· Սյունիքի Մարզ

Բացահայտիր Սյունիքը- Հին Խոտ գյուղատեղի

​Հին Խոտը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում՝ ներկայիս Խոտ գյուղի հարևանությամբ, Որոտան գետի ձախ ափի խիստ զառիթափ լեռնալանջին: Այն Սյունիքի հնագույն բնակավայրերից է՝ շրջապատված այգիներով և անմատչելի ժայռերով:

​Գյուղատեղին առաջին անգամ հիշատակվել է V դարում: Ըստ պատմական աղբյուրների՝ Սյունյաց Բաբիկ իշխանը, ի նշան քրիստոնեության ընդունման, պարսիկ զորավար Գորին է նվիրում Խոտ ավանը:

​881 թվականին Սյունյաց Սողոմոն եպիսկոպոսի վկայագրում նշվում է, որ նախկինում Տեր Գևորգը Խոտի «կալվածք-կոռավայրը» հոգեբաժին էր արել Սուրբ Նշանին, սակայն այն հափշտակվել էր: Գահակալելուց հետո Սողոմոն եպիսկոպոսը այն վերադարձրել է եկեղեցուն: Սա առաջին հիշատակությունն է «կոռ» տեսակի հարկային պարտավորության մասին, ըստ որի գյուղացիները, կցված լինելով վանքապատկան կալվածքներին, կատարում էին հարկային պարտավորություններ: Վավերագրում որպես վկա հիշատակվում է նաև Վասակի որդին՝ Խոտի տեր Գրիգորը:

​Խոտը հիշատակվում է նաև 906 թվականին՝ Տաթևի վանքի նավակատիքի ժամանակ, երբ ճշգրտվում էին վանքի սահմանները: Չնայած գյուղը նվիրաբերված էր Տաթևի վանքին, պատմական տարբեր ժամանակաշրջաններում սեփականության իրավունքը պարբերաբար խախտվել է: Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ՝ 1006 թվականին Խաղբակի որդի Դլեն իշխանն իր հայրենի տիրույթներից Տաթևի եպիսկոպոս Տեր Հովհաննեսին և Սուրբ Նշանին է նվիրում գյուղն ու Խոտագետի մեծ այգին:

​XIII դարում Տարսայիճ Օրբելյանը Տաթևի վանքին է վերադարձնում իր տիրույթներում գտնվող վեց գյուղ, այդ թվում՝ Խոտը: Այս մասին նա արձանագրություն է թողել Պողոս-Պետրոս եկեղեցու հարավային սյան վրա՝ նշելով ավանը, նրա լեռները, դաշտերն ու Խոտագետի շրջակայքում իր տնկած այգիները:

​Գյուղատեղին ունեցել է երկու եկեղեցի. առաջինը գտնվել է հարավ-արևմտյան եզրին՝ մեծ գերեզմանոցի հյուսիսային մասում (այժմ ամբողջովին ավերված է), իսկ երկրորդը գտնվում է գյուղատեղիի կենտրոնում՝ խարխլված վիճակում: Ամենայն հավանականությամբ, հենց այս կառույցն է կոչվել Սուրբ Աստվածածին (XVII-XVIII դարեր):

​Մեծ գերեզմանոցի տարածքում պահպանվել են մեկ տասնյակից ավելի խաչքարեր և տապանաքարեր (XIII-XVII դարեր), իսկ կանգուն եկեղեցու բակում՝ մի քանի տապանաքարեր:

​Բնակավայրը լքվել է 1960 թվականին՝ ջրի սակավության պատճառով, ինչից հետո բնակիչները տեղափոխվել են վերևում գտնվող հարթավայրային տարածք՝ հիմնելով նոր Խոտ գյուղը:

  • ​Տեղակայում՝ ՀՀ, Սյունիքի մարզ, Խոտ գյուղից հարավ-արևելք, Որոտան գետի ձախակողմյան ձորալանջին

  • ​Կոորդինատներ՝ 39.4398° N, 46.3686° E

  • Լուսանկարը `Հատիս Տուր-ի