Բացահայտիր Սյունիքը - Գարեգին Նժդեհի սրբավայրն ու հուշահամալիրը Խուստուփի լանջին

Գարեգին Նժդեհի գերեզմանը (աճյունի մի մասը) գտնվում է Սյունիքի մարզի խորհրդանիշ հանդիսացող Խուստուփ լեռան լանջին՝ «Կոզնի» կոչվող աղբյուրի մոտ: Սա եղել է հենց Սպարապետի մեծագույն ցանկությունը՝ թաղվել Խուստուփում, որպեսզի իր հոգին շարունակի հսկել Սյունյաց աշխարհի սահմանները: Նժդեհի պատգամներից է. «...Հայացքդ մի կտրիր Խուստուփից: Որքան շատ նայես այդ սեգ ու սև ամպերով ծածկված սարին, այնքան շուտ կգա, կհասնի փրկությունդ:»
1955 թվականին Խորհրդային Միության Վլադիմիրի բանտում Նժդեհի մահանալուց հետո նրա մարմինը երկար տարիներ գտնվում էր օտար հողում: 1983 թվականին մի խումբ հայ հայրենասերների ջանքերով աճյունը գաղտնի տեղափոխվեց Վլադիմիրից Հայաստան:
1983 թ. օգոստոս - Նժդեհի թոռնուհու ամուսնու՝ բանասեր, թարգմանիչ Պավել Անանյանի նախաձեռնությամբ ու ջանքերով աճյունը Վլադիմիրից գաղտնի տեղափոխվեց Հայաստան՝ Բաղաբուրդ գյուղ, և պահվեց ծանոթներից մեկի նկուղում:
Աճյունից մեկ մասունք (ող) գաղտնի հանձնվեց հողին Խուստուփի լանջին՝ «Կոզնի» աղբյուրի մոտ:
1987 թ. մայիսի 8 - Ռաֆայել Համբարձումյանի նախաձեռնությամբ աճյունը տեղափոխվեց ու ամփոփվեց Վերիշեն գյուղի մոտ գտնվող Սուրբ Աստվածածին (Սպիտակավոր) վանքի տարածքում:
Երբ Կապանում կառուցվեց Նժդեհի հուշահամալիրը, Սերժ Մկրտչյանի նախաձեռնությամբ Սպիտակավորից վերցվեց Սպարապետի աջն ու թաղվեց Կապանի համալիրում: Այսպիսով՝ Նժդեհն ունեցավ երեք գերեզման՝ Սպիտակավորում, Խուստուփում և Կապանում:
Տեղակայումը՝ ՀՀ, Սյունիքի մարզ, Խուստուփ լեռան լանջ, «Կոզնի» աղբյուրի հարևանությամբ:
Կոորդինատները՝ 39.1171° N, 46.3312° E