Բացահայտիր Սյունիքը - Քարահունջ (Զորաց Քարեր)

Քարահունջը, որը հայտնի է նաև Զորաց քարեր կամ Քարենիշ անուններով, նախապատմական Հայաստանի ամենաարժեքավոր և խորհրդավոր հուշարձաններից մեկն է։
Այս մեգալիթյան կառույցը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ՝ ծովի մակերևույթից շուրջ 1770 մետր բարձրություն ունեցող սարահարթում և զբաղեցնում է մոտ 7 հեկտար տարածք։

Համալիրը բաղկացած է հարյուրավոր բազալտե հսկա քարերից, որոնց բարձրությունը տատանվում է 0,5-ից մինչև 3 մետր, իսկ քաշը հասնում է մինչև 10 տոննայի։
Այս քարերը բերվել են մոտակա Դար գետի ձորի քարհանքից և տեղափոխվել են հյուսված պարանների ու լծակների օգնությամբ։
Համալիրի առանցքային առանձնահատկությունը քարերի գագաթներին արված արհեստական անցքերն են։
Դրանք ունեն 4-5 սմ տրամագիծ և գտնվում են քարերի ծայրից 15-20 սմ ներքև։

Այս անցքերը ներսից մաքուր են ու ողորկ, իսկ դեպի դուրս կոնաձև լայնանում են մինչև 12 սմ։
Գիտնականների, հատկապես ակադեմիկոս Պարիս Հերունու հետազոտությունները ցույց են տալիս, որ այս անցքերն ապահովել են բարձր ճշգրտություն աստղագիտական դիտարկումների համար։

Հերունին, կիրառելով երեք տարբեր գիտական մեթոդներ, հիմնավորել է, որ Քարահունջը կառուցվել է ավելի քան 7500 տարի առաջ, ինչը նրան դարձնում է աշխարհի հնագույն աստղադիտարաններից մեկը՝ ավելի հին, քան անգլիական Սթոունհենջը։
Կառուցվածքային առումով հուշարձանը բաղկացած է մի քանի խմբից։ Կենտրոնական շրջանը կազմված է 40 քարերից և ունի ձվաձև տեսք, որի կենտրոնում գտնվում է ավերակների մի կույտ՝ հավանաբար հնագույն տաճար՝ նվիրված Ար աստծուն։

Հետաքրքիր է, որ այս շրջանի ներսում բնական մագնիսական ուժագծերը ունեն պարուրաձև տեսք։
Համալիրն ունի նաև հյուսիսային և հարավային թևեր։ Հյուսիսային թևն ընդգրկում է 80 քար, որոնցից 49-ն ունեն անցքեր, իսկ հարավային թևը կազմված է 70 քարից՝ 26 անցքավոր քարերով։

Կառույցի տարբեր կողմերում կան նաև առանձին կանգնած քարեր, որոնք ծառայել են որպես նշանառության կետեր։
Բացի աստղագիտական նշանակությունից, Քարահունջը նաև հսկայական դամբարանադաշտ է։
Հարավային թևի վերջավորությունից հետո հայտնաբերվել են շրջանաձև գերեզմաններ։
Քարուղիների երկայնքով քարերի հակառակ կողմում դասավորված մանր քարերը հավանաբար ծառայել են որպես նստարաններ դիտարկողների համար։
2004 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ համալիրը պաշտոնապես անվանվել է «Քարահունջ աստղադիտարան» և պետության կողմից պահպանվող պատմամշակութային արգելոց է։
Հուշարձանը գտնվում է Սյունիքի մարզում, Երևանից մոտ 200 կմ հարավ՝ Սիսիան քաղաքի մոտ (Մ2 ճանապարհի հարևանությամբ), Որոտան գետի Դարբ վտակի ձորի ձախ ափին։
Կոորդինատները. 39°33'02.52"N 46°01'42.96"E