Բացահայտիր Սյունիքը-Սռնեղցի եկեղեցի

· Սյունիքի Մարզ

Բացահայտիր Սյունիքը-Սռնեղցի եկեղեցի

5-6-րդ դարերի վաղմիջնադարյան Սռնեղցի եկեղեցու անունը ստուգաբանվում է որպես բլրի գագաթին կամ սարալանջին գտնվող եկեղեցի («սեռ»՝ բլրի գագաթ, «եղցի»՝ եկեղեցի):

​Կառույցը միանավ թաղածածկ սրահ է, որի արտաքին չափերն են 7.77×5.41 մետր, իսկ ներքին տարածությունը՝ 3.36×3.55 մետր: Այն կանգնեցված է երկաստիճան գետնախարսխի վրա: Եկեղեցին կառուցված է տեղական սպիտակ բազալտատիպ սրբատաշ խոշոր քարերից (միջինում 1×2 մետր), իսկ պատերի հաստությունը 1 մետր է: Կառույցի վրա և կից տապանաքարերին արձանագրություններ չկան, սակայն պատերին առկա են միջնադարին վերաբերող խաչապատկերներ:

​Արևելյան կողմում ունի շեշտված պայտաձև հատակագծով խորան, որն ընդգրկված է արտաքին պատերի ուղղանկյուն եզրագծի մեջ: Պայտաձև է նաև խորանի կամարը: Բեմն աղոթասրահից բարձր է 0.5 մետրով (բեմառեջքն ակնհայտորեն բարձրացվել է հետագայում): Խորանն ունի գմբեթարդի տակով ընթացող գոտի, որը շարունակվում է հյուսիսային և հարավային պատերի ողջ երկայնքով:

​Մուտքն արևմտյան կողմից է (բացվածքի լայնությունը՝ 1.15 մետր): Ներսի կողմից մուտքի բարավորի վերին հատվածում առկա է 0.7 մետր խորություն ունեցող պայտաձև բեռնաթափման խորշ: Կառույցն ունի երկու պատուհան՝ արևմտյան և արևելյան կողմերում:

​Եկեղեցին լավ պահպանված է, թափված են միայն տանիքի ծածկասալերը: Արևմտյան կողմում՝ եկեղեցու դիմաց, կան տապանաքարեր: Արցախյան 44-օրյա պատերազմից և դրան հաջորդած սահմանային փոփոխություններից հետո եկեղեցին հայտնվել է սահմանից շուրջ 450-490 մետր հեռավորության վրա:

​Տեղակայումը. Սյունիքի մարզ, Տեղ գյուղից 3 կմ հարավ-արևելք, բարձրադիր վայրում

Կոորդինատներ. (39°32'37.0"N 46°30'38.0"E):

Լուսանկարը `Հուշարձանների պահպանության Սյունիքի մարզային ծառայության