Սյունիքի մարզը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը

2026 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Սյունիքի մարզի բոլոր համայնքներում տեղի են ունեցել ոգեկոչման և խնկարկման արարողություններ։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզպետարանի աշխատակազմը, համայնքների ղեկավարներն ու բնակիչները հարգանքի տուրք են մատուցել Մեծ Եղեռնի ավելի քան 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին։
Սիսիան համայնքում կազմակերպվել է «Հիշողությանս անլռելի զարկերը» խորագրով քայլերթ, որը մեկնարկել է Սիսակ նահապետի անվան կենտրոնական հրապարակից և շարունակվել մինչև Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան։
Միջոցառմանը մասնակցել են համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ և կրթօջախների սաներ։
Կապանում համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի, ավագանու անդամների և «Երկրապահ» կամավորականների միության ուղեկցությամբ այցելություն է կատարվել Բաղաբուրջի հուշահամալիր։
Սյունյաց թեմի հոգևոր հայրերի մասնակցությամբ կատարվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների բարեխոսական կարգ։
Ներկաները ծաղիկներ են խոնարհել նաև Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում նահատակված հայորդիների շիրիմներին ու սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջև։
Գորիսում համայնքապետարանի աշխատակազմն ու բնակիչները այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր՝ խնկարկելով 1915 թվականի թուրքական յաթաղանի զոհ դարձած հայրենակիցների անմահ հիշատակը։
Մեղրի համայնքում, ղեկավար Խաչատուր Անդրեասյանի գլխավորությամբ, ծաղիկներ են խոնարհվել Ագարակ քաղաքի Եղեռնի զոհերի հիշատակը անմահացնող խաչքարին և Մեղրի քաղաքի Փարամազի հուշակոթողին։
Ընդգծվել է պատմական հիշողության պահպանման և արդարության պահանջի շարունակականության կարևորությունը։
Տեղ համայնքում ևս համայնքապետարանի ներկայացուցիչներն ու բնակիչները «Հերոսների պուրակում» կատարել են ծաղկադրում՝ վերահաստատելով, որ հիշողությունը հայ ժողովրդի ուժն է, իսկ արդարության պահանջը՝ անփոփոխ։
Մարզի բոլոր հատվածներում արարողություններն անցել են լռության ու խոնարհումի մթնոլորտում։